ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական և դեմոկրատ անդամները ներկայացրել են Գրենլանդիային առնչվող երկու մրցակցող օրինագիծ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայնը (Ֆլորիդա նահանգ) ներկայացրել է «Գրենլանդիայի անեքսիայի և նրան նահանգի կարգավիճակ շնորհելու մասին» օրինագիծը, հայտնում է The Hill-ը։
Փաստաթղթում դանիական տարածքն անվանվում է «ազգային անվտանգության կենսական կարևորության ակտիվ» և պնդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիազորված է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ Դանիայի Թագավորության հետ բանակցությունների մեջ մտնելու փորձերի միջոցով, որպեսզի բռնակցի կամ այլ կերպ ձեռք բերի Գրենլանդիան որպես Միացյալ Նահանգների տարածք»։ Իսկ հետագայում, օրենսդրական փոփոխությունների միջոցով, նոր ձեռք բերված տարածքն ընդունել որպես նահանգ։
Մյուս կողմից, Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Ջիմմի Գոմեսը, ինչպես գրում է Axios պորտալը, քննարկման է ներկայացնում «Գրենլանդիայի ինքնիշխանության պաշտպանության մասին» օրինագիծը։ Այն ենթադրում է դաշնային միջոցների օգտագործման արգելք՝ ԱՄՆ կառավարության կողմից «Գրենլանդիայի ներխուժմանը, անեքսիային, գնմանը կամ ձեռքբերման այլ ձևերին» նպաստելու համար։
Փաստաթուղթը նաև դադարեցնում է կղզում ամերիկյան զորքերի թվաքանակի ավելացման կամ հանրային ազդեցության արշավների ֆինանսավորումը, որոնք նպատակ ունեն համոզել կղզու բնակիչներին աջակցել ամերիկյան զավթմանը։
Միևնույն ժամանակ, Axios-ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ երկու օրինագծերն էլ անցնելու չափազանց քիչ հնարավորություններ ունեն։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիա կղզին Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պաշտպանական նպատակներով։
Նա բազմիցս խոսել է կղզին «այսպես թե այնպես» ձեռք բերելու մտադրության մասին։
Երկուշաբթի օրը կղզու կառավարությունը (որը Դանիայի կազմում ինքնավար տարածք է) հայտարարել է, որ չի աջակցում այս տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ ցանկությանը և ակնկալում է ՆԱՏՕ-ի օգնությունը։
Գրենլանդիան համարվում է Արկտիկայի անվտանգության ապահովման կենտրոնական օղակը, ծովային ուղիների մեկնարկային կետը և մի տարածք, որտեղ առկա են հազվագյուտ մետաղների ու այլ ռեսուրսների պաշարներ։ Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ կղզում կան գրաֆիտի, պղնձի, ցինկի, ոսկու, ալմաստի, երկաթի հանքաքարի, տիտանի, վանադիումի և ուրանի պաշարներ, ընդ որում՝ երկրաբանահետախուզական աշխատանքները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել։ Գրենլանդիայում է գտնվում նաև ԱՄՆ-ի «Պիտուֆֆիկ» տիեզերական բազան։





























