ԱՄՆ-ն առնվազն մեկ անգամ ռազմական ինքնաթիռները քողարկել է որպես քաղաքացիական՝ Լատինական Ամերիկայի ափերի մոտ ենթադրյալ թմրավաճառների նավակներին հարվածելու համար։ Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը։

Պարբերականի մի քանի աղբյուրներ հաստատել են, որ նմանատիպ առաջին հարվածները 2025 թվականի սեպտեմբերի 2-ին հասցրել է քաղաքացիական օդանավի տակ քողարկված ռազմական ինքնաթիռը։ Թերթը հստակեցրել է, որ տվյալ ինքնաթիռի սպառազինությունը տեղակայված է եղել ոչ թե դրսից, այլ ներսում և օգտագործվել է նավակին մոտենալու պահին։ WP-ի հոդվածում նաև նշվում է, որ լատինամերիկյան թմրավաճառների դեմ պայքարում ամերիկյան ավիացիայի նման կիրառումը «իրավական վեճեր է առաջացրել» Պենտագոնում, քանի որ դա կարող է որակվել որպես ռազմական հանցագործություն։

Թերթը հիշեցրել է, որ Վաշինգտոնը 2025 թվականի սեպտեմբերից ի վեր գրեթե երեք տասնյակ հարվածներ է հասցրել Վենեսուելայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների մոտակայքում գտնվող ենթադրյալ թմրավաճառների մոտորանավակներին՝ սպանելով ավելի քան 100 մարդու։ Այդ հարվածներից մեկից հետո Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ամերիկյան գործողության հետևանքով զոհվել է իր երկրի քաղաքացի հանդիսացող մի ձկնորս, այլ ոչ թե թմրավաճառ։