Դետրոյթ կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «չեղյալ հայատարարել Սոմալիից կամ ցանկացած այլ վայրից ցանկացած հպատակագրված ներգաղթյալի քաղաքացիությունը, որը դատապարտվել է ԱՄՆ քաղաքացիներին խաբելու համար», գրում է The Guardian-ը։

Նա այսօր Դետրոյթում իր ելույթի մի մասը նվիրել է երկրի տարածքում, մասնավորապես Մինեսոտայում և Մեն նահանգում սոմալի համայնքի կոշտ քննադատությանը։

ԱՄՆ նախագահը միաժամանակ կոշտ արտահայտություններ է արել դեմոկրատ կոնգրեսական Իլհան Օմարի հասցեին. վերջինս 12 տարեկանում Սոմալիից փախստականի կարգավիճակով եկել է ԱՄՆ և 17 տարեկանում դարձել ԱՄՆ քաղաքացի։

«Նա ապրում է Սոմալիում։ Նրանք կառավարություն չունեն, զինվորականներ չունեն, ոստիկանություն չունեն, ոչինչ չունեն։ Նրանք միայն սպանություններով և նավերի թալանով են տարված,- այսօր հայտարարել է Թրամփը։ -Նա գալիս է այստեղ և մեզ պատմում է մեր սահմանադրության մասին... Ըստ իս՝ նա իսկական խարդախ է»։

Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հաստատել է, որ չեղյալ է հայտարարում սոմալի ներգաղթյալների համար ժամանակավոր պաշտպանվածության կարգավիճակը (TPS):