ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգան նահանգում Ford գործարան կատարած այցի ժամանակ կոպիտ է պատասխանել ձեռնարկության աշխատակցին, որը մեղադրել է նրան «պեդոֆիլների պաշտպանելու» մեջ։ Այս մասին հայտնել է TMZ պորտալը, որի տրամադրության տակ է հայտնվել միջադեպի տեսագրությունը։
Բանվորը Թրամփի հասցեին բացականչել է «պեդոֆիլների պաշտպան», ինչից հետո ամերիկյան առաջնորդը մի քանի անգամ անպարկեշտ հայհոյել է և նրան միջնամատ է ցույց տվել։
Թրամփը եղել է անչափահասների պղծման մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ծանոթների շրջանակում: Ֆինանսիստը ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին: Դատախազությունը հայտարարել էր ապացույցների առկայության մասին, ըստ որոնց՝ 2002-2005 թվականներին նա կազմակերպել էր տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ Մանհեթենի իր տուն, որոնցից ամենակրտսերը 14 տարեկան է եղել: Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ընդգրկված են եղել մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ այլ երկրներից, այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր: Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումն ԱՄՆ-ում դադարեցվել էր այն բանից հետո, երբ 2019 թվականի օգոստոսին նա բանտախցում ինքնասպանություն էր գործել:





























