Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները հայտնել են, որ բացահայտել են կոռուպցիոն գործում Գերագույն ռադայի խմբակցություններից մեկի ղեկավարի ներգրավվածությունը։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (ՄՀԴ) պնդում են, որ այս քաղաքական գործիչը պատգամավորներին կաշառք է առաջարկել այս կամ այն օրինագծերի օգտին «կողմ» կամ «դեմ» քվեարկելու համար։
BBC-ի ուկրաինական ծառայության՝ ՈւԱՀԲ-ի աղբյուրների տեղեկություններով՝ խոսքը «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի մասին է։
ՈւԱՀԲ-ի և ՄՀԴ-ի հայտարարության մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը։ Մանրամասները նրանք խոստանում են հայտնել ավելի ուշ։





























