Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն, ԱՄՆ նախագահի օգնական Սթիվեն Չունը տեղին և միանշանակ է անվանել Դոնալդ Թրամփի ժեստը, ով Միչիգան նահանգի Ford գործարանի աշխատակցին միջնամատ էր ցույց տվել։ Նրա խոսքերը երեքշաբթի օրը մեջբերել է The Washington Post թերթը։

«Ինչ-որ խելագար, կատաղության նոպայի մեջ, անպարկեշտ հայհոյանքներ էր գոռում և նախագահը տվել է տեղին ու միանշանակ պատասխան», - հայտարարել է Չունը։

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, բանվորը Թրամփի հասցեին գոռացել էր «մանկապիղծների պաշտպան» արտահայտությունը, որից հետո ամերիկյան առաջնորդը մի քանի անգամ անպարկեշտ հայհոյել էր նրան և միջնամատ ցույց տվել։ WP-ի տվյալներով՝ գործարանի աշխատակիցը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, իրականացվում է քննություն։

Թրամփը եղել է անչափահասների պղծման մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ծանոթների թվում։ Ֆինանսիստը իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Նյու Յորք նահանգում 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել է ապացույցների առկայության մասին, ըստ որոնց՝ 2002-2005 թվականներին նա կազմակերպել էր տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ Մանհեթենի իր տուն, որոնցից ամենակրտսերը 14 տարեկան է եղել։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ընդգրկված են եղել մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ այլ երկրներից, այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ, խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։ Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը ԱՄՆ-ում դադարեցվել է այն բանից հետո, երբ նա 2019 թվականի օգոստոսին բանտախցում ինքնասպանություն է կատարել։