Ես շատ կարևոր եմ համարում և շնորհակալ եմ խաղաղության եվրոպական գործիքի արդեն երկրորդ որոշման առիթով, բայց ես էլի ուզում եմ անդրադառնալ բանակի և անվտանգության հետ կապված թեմային։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, մեր խնդիրն է բանակը անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ շարքում հնարավորինս հետ դնել։ Ես հայտարարություն եմ արել և նաև այս ընթացքում մենք տարբեր խմբեր ենք հրավիրում ցույց տալու վերջին տարիներին Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան։ Եթե մենք մարդկանց հրավիրում ենք, դա նշանակում է՝ ցույց տալու բան ունենք, բայց ես ուզում եմ մի շատ կարևոր նրբության անդրադառնալ, որը մեր իրականության մեջ կարծես թե ընկալված չի։ Այո, մենք Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար այսօր արդեն  շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել»,–ասաց նա։