Ֆինլանդիայի զինված ուժերը կսկսեն հակահետևակային ականներ ձեռք բերել և անձնակազմ, զորակոչիկներ և պահեստազորայիններ պատրաստել այս տարվա վերջին, երբ հունվարի 10-ին ուժի մեջ մտավ դրանց օգտագործումն արգելող Օտտավայի կոնվենցիայից երկրի դուրս գալու մասին օրենքը, հաղորդում է Reuters-ը։

Ֆինլանդիան և Ռուսաստանին սահմանակից Եվրամիության և ՆԱՏՕ-ի այլ անդամներ՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Լեհաստանը, որոշել են դուրս գալ Օտտավայի պայմանագրից՝ Ռուսաստանի ռազմական սպառնալիքի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Ֆինլանդիայում տարեսկզբին կսկսվեն բանակցությունները ներքին պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների և զինծառայողների հակահետևակային ականների վերաբերյալ ուսուցման շուրջ։ «Նպատակն է մինչև 2027 թվականը ստանալ առաջին նոր ականները և դրանց կից վարժասարքերը»,- ասված է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ։

«Ակնկալվում է, որ նոր հակահետևակային ականները կմշակվեն ներքին պաշտպանական արդյունաբերության հետ համագործակցությամբ՝ հետագայում դրանք Ֆինլանդիայում արտադրելու նպատակով»,- ընդգծել են գերատեսչությունում։

Նշվում է նաև, որ Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակներում հակահետևակային ականներ տեղադրել։

«Մենք ականներ կօգտագործենք միայն արտակարգ իրավիճակներում»,- ասել է բանակի ինժեներական հրամանատարության տեսուչ, գնդապետ Ռիկու Միկկոնենը։