ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց մարզիկներ Դարիուս Մալիկ Մաքգիին, Ջասթինիան Լուիս Ջեսափին և Հովհաննես Արտակի Մարգարյանին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի են հրավիրվել և ՀՀ քաղաքացիություն է շնորհվել  27–ամյա Դարիուս Մալիկ Մաքգին, 28–ամյա Ջասթինիան Լուիս Ջեսափին։

27–ամյա Հովհաննես Մարգարյանին հրաձգություն մարզաձևում ունեցած նվաճման համար տրամադրվել է տարկետում՝ մինչև 26 տարին լրանալը՝ 26.09.2025 թ.: Տրամադրված տարկետումից հետո՝ հրաձգության Եվրպայի 2025 թվականի առաջնությունում դարձել է հաղթող՝ 1-ին մրցանակակիր:

Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Կառավարության մեկ այլ որոշմամբ պարտադիր զինծառայությունից ազատվել են տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող 8 մարզիկներ, որոնք ևս վերջերս են ՀՀ քաղաքացիություն ստացել։

Նրանք են՝

Դավիթ Ռուդոլֆի Գրիգորյանը, Եվգենի Արմենի Լալայանցը, Անդրեյ Վլադիմիրի Լեոնովը, Մաքսիմ Վլադիմիրի Լեոնովը, Ռուբեն Սուրենի Մովսեսյանը, Սպարտակ Պարույրի Սավվատեևը, Վլադիսլավ Միխայիլի Տեր-Ստեփանովը, Սերգեյ Յուրիի Օգանեզովը։

Նշվում է, որ Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը՝ համալրված կազմով, նախապատրաստվում է 2026 թվականին մասնակցել Քուվեյթում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությանը: