Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունն այս տարի նախատեսում է ներկայացնել սեփական անվտանգության ռազմավարությունը: Այս մասին հայտնել է Euractiv պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ պորտալի տեղեկությունների՝ ֆոն դեր Լեյենի հայտարարությունը հնչել է Եվրախորհրդարանի «Եվրոպական ժողովրդական կուսակցության» պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ, որի անդամ է հանդիսանում նաև ինքը։ «Մենք գիտենք, որ պետք է ուժեղ լինենք, իսկ ուժը նշանակություն ունի։ Մենք ռազմական հզորության կենտրոն չենք, բայց ձգտում ենք դրան», - մեջբերում է պորտալը Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերը։
Ինչպես նշվում է, նախագիծը ներառված չի եղել Եվրահանձնաժողովի 2026 թվականի աշխատանքային ծրագրում: Ֆոն դեր Լեյենի մեկնաբանությունները հնչել են Դանիայի և Գրենլանդիայի պատվիրակությունների՝ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, որն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր կղզու նկատմամբ իր հավակնությունների մասին:





























