Միացյալ Նահանգները հինգշաբթի պատժամիջոցներ է կիրառել հինգ իրանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում են բողոքի ցույցերի ճնշմանը մասնակցելու մեջ, և զգուշացրել է, որ հետևում է աշխարհի տարբեր բանկեր իրանցի առաջնորդների միջոցների փոխանցումներին, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրավապահ մարմինների հրամանատարների նկատմամբ՝ մեղադրելով նրանց «բռնաճնշումների կազմակերպելու» մեջ։
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հինգշաբթի տեսաուղերձում հայտարարել է, որ Վաշինգտոնի ուղերձն Իրանի առաջնորդներին «հստակ էր»։
«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը գիտի, որ խորտակվող նավի վրա առնետների պես, իրանական ընտանիքներից գողացված միջոցները դուք տենդագին տեղափոխում եք աշխարհի տարբեր բանկեր և ֆինանսական հաստատություններ։ Վստահ եղեք, մենք կհետևենք նրանց և ձեզ։ Բայց դուք դեռ ժամանակ ունեք, եթե որոշեք միանալ մեզ։ Ինչպես ասել է նախագահ Թրամփը, դադարեցրեք բռնությունը և աջակցեք Իրանի ժողովրդին»,- նշել է Բեսենթը։
«Ֆինանսների նախարարությունը կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ռեժիմի կողմից մարդու իրավունքների բռնակալական ճնշման հետևում կանգնածների դեմ պայքարելու համար»,- հավելել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
Գերատեսչությունը միաժամանակ պատժամիջոցներ է կիրառել 18 անձանց նկատմամբ, որոնց մեղադրում է «արտասահմանյան շուկաներում պատժամիջոցների տակ գտնվող իրանական ֆինանսական հաստատություններին պատկանող «ստվերային բանկային ցանցերի» միջոցով իրանական նավթի և նավթամթերքի վաճառքից ստացված եկամուտների լվացման մեջ»։





























