ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է իր երկար սպասված առողջապահական առաջարկի՝ «Առողջապահության մեծ ծրագրի» մասին և Կոնգրեսին հորդորել գործել, հաղորդում է CBS News-ը։
Ինչպես նշել է լրատվամիջոցը, Սպիտակ տան հրապարակած ծրագիրը քիչ մանրամասներ է պարունակում, հատկապես հաշվի առնելով, որ իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ կհրապարակի առողջապահական ծրագիր՝ համապարփակ առաջարկ մշակելու համար իրենից և իր թիմից տարիներ կպահանջվեն։
Սպիտակ տան հինգշաբթի հրապարակած ամփոփագրում հիշատակվել են վերջին ամիսներին վարչակազմի աշխատանքներից մի քանիսը, մասնավորապես, որոշակի դեղերի գներն իջեցնելու շուրջ դեղագործական ընկերությունների հետ բանակցությունները։
Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ առաջարկը «կյանքի կկոչի նախագահի տեսլականը՝ ուղղակիորեն գումար ուղարկել ամերիկյան ժողովրդին, նվազեցնել առողջության ապահովագրության վճարները և կրճատել ապահովագրական վճարները բարձրացնող կաշառքները»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր առաջարկի մի մասը, որը պետք է ընդունի Կոնգրեսը, նախատեսում է, որ դաշնային կառավարությունը գումար ուղարկի անմիջականորեն ամերիկացիներին՝ իրենց առողջապահական ծառայությունների համար վճարելու համար։
«Կառավարությունը անմիջականորեն ձեզ կվճարի։ Այն ձեզ է հասնում, իսկ դուք վերցնում եք գումարը և վճարում ձեր առողջապահության համար,- Սպիտակ տան հրապարակած հինգ րոպեանոց տեսանյութում ասել է նախագահը։- Ոչ ոք երբեք չի լսել դրա մասին, և այդպես էլ կա»։
«Իմ ծրագրի էությունն ապահովագրավճարները նվազեցնելն է՝ դադարեցնելով խոշոր ապահովագրական ընկերություններին պետական վճարումները և այդ գումարը անմիջականորեն մարդկանց ուղարկելով։ Obamacare-ը նախատեսված էր ապահովագրական ընկերություններին հարստացնելու համար»,- ասել է նախագահը։
Ըստ Թրամփի՝ իր առաջարկը կպահանջի նաև, որ ցանկացած հիվանդանոց «հրապարակավ ներկայացնի բոլոր գները այնտեղ, որտեղ հիվանդանոցները գործում են, որպեսզի երբեք չզարմանաք և հեշտությամբ կարողանաք ավելի շահավետ գնումներ անել կամ ավելի որակյալ բուժսպասարկում ստանալ»։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, ԱՄՆ նախագահի առաջարկը հնչում է այն ժամանակ, երբ Սենատը պատրաստվում է քվեարկել «Մատչելի բուժսպասարկման մասին» օրենքի շրջանակում սուբսիդիաների երկարաձգման վերաբերյալ։
Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ACA-ի ընդլայնված ապահովագրավճարների սուբսիդիաների եռամյա երկարաձգումը, որը լրացել էր այս տարվա սկզբին։
Այս սուբսիդիաների ժամկետի ավարտը կնշանակեր գների կտրուկ աճ միլիոնավոր ամերիկացիների համար, և դաշնային տվյալները ցույց են տալիս, որ անցյալ տարվա համեմատ ACA ծրագրերում մոտ 14 միլիոնով պակաս մարդ է ներառվել։





























