Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հինգշաբթի լրագրողներին հայտարարել է, որ Գրենլանդիայում զորքերի գործունեությունը որևէ կերպ չի ազդում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դանիական տարածքը ձեռք բերելու ցանկության վրա, հաղորդում է CNN-ը։
«Ես չեմ կարծում, որ Եվրոպայի զորքերն ազդում են նախագահի որոշումների վրա, և դա չի ազդում Գրենլանդիան ձեռք բերելու նրա նպատակի վրա»,- ասել է Լևիթը՝ ընդգծելով ԱՄՆ նախագահի դիրքորոշումը։
Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենի և նրա գրենլանդացի գործընկեր Վիվիան Մոտցֆելդտի հետ Այզենհաուերի գործադիր գրասենյակի շենքում երեկվա հանդիպումից հետո։ Լևիթը հանդիպումն «արդյունավետ» է որակել:
Երկու պատվիրակությունն էլ «համաձայնության է եկել ստեղծել աշխատանքային խումբ, որը կշարունակի Գրենլանդիայի ձեռքբերման վերաբերյալ տեխնիկական բանակցությունները»,- ասել է Լևիթը, հավելելով, որ բանակցությունները տեղի կունենան «յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ»։
Սպիտակ տունը նաև հստակեցրել է, որ նախագահը Գրենլանդիայի ձեռքբերումը համարում է ազգային անվտանգության առաջնահերթություն։
«Նա ցանկանում է, որ Միացյալ Նահանգները ձեռք բերի Գրենլանդիան և կարծում է, որ դա համապատասխանում է մեր ազգային անվտանգության շահերին»,- ասել է Լևիթը։
Գրենլանդիայի պաշտպանության համար պատասխանատու Դանիան զգուշացրել է, որ տարածքի վրա հարձակումը, հավանաբար, կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը։ Դանիայի կառավարությունը չորեքշաբթի հայտարարեց, որ ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համակարգված։
Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Նորվեգիան և Ֆինլանդիան հաստատեցին, որ այս շաբաթ զորքեր կուղարկեն Գրենլանդիա՝ Դանիայի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։





























