Եմենի նախագահական ղեկավարության խորհրդի նախագահ Ռաշադ Մոհամեդ ալ-Ալիմին արտաքին գործերի նախարար Շայա Մոհսեն ալ-Զինդանիին նշանակել է նոր վարչապետ։ Այս մասին հունվարի 16-ի գիշերը հայտնել է եմենյան SABA լրատվական գործակալությունը։
«Դոկտոր Շայա Մոհսեն ալ-Զինդանին նշանակվել է Նախարարների խորհրդի նախագահ, հանձնարարվել է ձեւավորել կառավարություն»,- նշվել է հրամանագրի տեքստում։ Փաստաթղթի համաձայն՝ ներկայիս կաբինետը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։
Հունվարի 15-ին Եմենի նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարն ընդունել է Սալեմ Սալեհ բեն Բրեյքի հրաժարականը։ Հայտարարության մեջ նշվել է, որ որոշումը կայացվել է «երկրում վերջին փոփոխություններին համապատասխան նոր կառավարության ձեւավորման ճանապարհ հարթելու» համար։ Մեկ այլ հրամանագրով ալ-Ալիմին նրան նշանակել է ֆինանսական եւ տնտեսական հարցերով իր խորհրդական։
Եմենում կառավարության փոփոխությանը նախորդել է երկրի հարավային եւ արեւելյան շրջաններում լարվածության աճը։ 2025թ․ դեկտեմբերի սկզբին ԱՄԷ-ի կողմից աջակցվող Հարավային անցումային խորհրդի (ԱՀԽ) ուժերը վերահսկողություն էին հաստատել Հադրամաութ եւ Ալ-Մահրա նահանգների նկատմամբ: Ի պատասխան՝ Եմենի իշխանությունները չեղյալ էին հայտարարել ԱՄԷ-ի հետ համատեղ պաշտպանական համաձայնագիրը եւ ռազմական օգնություն խնդրել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից: Հունվարին ԱՀԽ ղեկավարության որոշ անդամներ, որոնք ժամանել էին Ռիադ բանակցությունների համար, հայտարարել են կազմակերպության լուծարման մասին: Անջատողական առաջնորդ Այդարուս ազ-Զուբեյդիի (Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան պնդում էր, որ նա փախել է ԱՄԷ) կողմնակիցները մերժել են խորհուրդը լուծարելու որոշումը: Հունվարի 11-ին Եմենի իշխանությունները հայտարարել են, որ կառավարական ուժերը վերականգնել են հարավային եւ արեւելյան նահանգների, այդ թվում՝ ժամանակավոր մայրաքաղաք Ադենի վերահսկողությունը:





























