Գրենլանդիայում տնտեսական ակտիվությունը դանդաղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի սկսվելուց եւ կղզու մասին նրա արտահայտություններից հետո։ Այսպիսի կարծիք է հայտնել Գրենլանդիայի Ձեռնարկությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Դան Սիվերտսենը։
«Ձեռնարկություններին կայունություն է անհրաժեշտ, եւ ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում մենք տեսնում ենք աճող դժկամություն զբոսաշրջության եւ շինարարության ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում»,- նշել է նա իսպանական El Mundo թերթի հարցազրույցում: «Այն ժամանակվանից, երբ Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետով Սպիտակ տուն եկավ եւ սկսեց խոսել Գրենլանդիան գրավելու մասին, տնտեսական ակտիվությունը դանդաղել է»։
ԱՄՆ առաջնորդը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025թ․ մարտին վստահություն է հայտնել, որ այն կարող է բռնակցվել: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը նախկինում կասկածի տակ էր դրել Դանիայի իրավունքը՝ վերահսկելու կղզին, եւ հայտարարել էր, որ այն պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս:
Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ մտնող ինքնավար տարածք է: 1951թ․ Վաշինգտոնը եւ Կոպենհագենը, ՆԱՏՕ դաշինքի իրենց պարտավորություններից բացի, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիրը: Դրա համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:





























