Գերմանիայի դաշնային դատարանը մերժել է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունների գլխավոր կասկածյալ՝ Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ի վերաքննիչ բողոքը՝ փախուստի վտանգի լուրջ կասկածների պատճառով, հաղորդում է DW-ն։
Սերգեյ Կ.-ն ձերբակալվել է Իտալիայում 2025 թվականի օգոստոսի 21-ի գիշերը։ Գերմանական իշխանությունների տվյալներով՝ նա այն անձանց խմբի անդամ էր, որը 2022 թվականի սեպտեմբերին Բալթիկ ծովի դանիական Բորնհոլմ կղզու մոտ պայթուցիկ նյութեր էր տեղադրել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի վրա։ Հետաքննիչները կարծում են, որ նա և իր հանցակիցները պայթուցիկ նյութերը տեղափոխելու համար օգտագործել են Ռոստոկի նավահանգստից մեկնող առագաստանավը։
Գերմանիան տարածքային իրավասություն ունի, քանի որ վնասված խողովակաշարերն ավարտվում էին նրա տարածքում։ Ավելին, հանցագործությունը նպատակ ուներ խաթարել Գերմանիայի ներքին անվտանգությունը և ունի հատուկ նշանակություն, նշում է Ֆրանսպրես գործակալությունը։





























