Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չինաստանի հետ գործընկերությունը ռազմավարական է անվանել Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Քարնիի՝ այդ հարաբերությունները «կօգնեն բարելավել բազմակողմ համակարգի գործունեությունը, որը վերջին տարիներին զգալի ճնշման է ենթարկվել», հաղորդում է Euronews-ը։
«Գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆինանսներն այն ոլորտներն են, որտեղ մենք կարող ենք հասնել ամենաարագ արդյունքների»,- հայտարարել է Կանադայի վարչապետը։
«Ես կարծում եմ՝ մեր ձեռք բերած առաջընթացն ու գործընկերությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում նոր համաշխարհային կարգի համար»,- ընդգծել է Քարնին։
Սա կանադացի առաջնորդի առաջին այցն է Չինաստան տասնամյակ տևած խոր տարաձայնություններից հետո, ներառյալ՝ Միացյալ Նահանգների պահանջով Կանադայի կողմից 2018 թվականին Huawei-ի բարձրաստիճան ղեկավարի ձերբակալությունը և Կանադայի կողմից չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենաների վրա 100% մաքսատուրքերի սահմանումը։
Պեկինում բանակցություններից հետո Մարկ Քարնին հայտարարել է, որ Չինաստանի հետ համաձայնության է եկել Կանադա ներմուծել 49 հազար չինական էլեկտրական ավտոմեքենա՝ 6,9% մաքսատուրքով, գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես՝ կանոլայի սերմերի մաքսատուրքերը մինչև 15% նվազեցնելու դիմաց։





























