Չի բացառվում, որ Գերմանիան ռազմական նավեր և ինքնաթիռներ կուղարկի Գրենլանդիա:
Այսպես է պատասխանել Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հարցին, թե ինչու են կղզի ժամանել Բունդեսվերի 13 զինվորականներ։ «Նպատակն է գնահատել, թե որքանով է անվտանգ Արկտիկան և որքանով կարող ենք նպաստել դրա ապահովմանը մեր ՆԱՏՕ-ի գործընկերների հետ միասին»,- ըստ DW-ի՝ հայտարարել է նախարարության ներկայացուցիչը։
«Դա ներառում է պլանավորման վարժանքներ, օրինակ՝ P-8 Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռների օգտագործումը, ֆրեգատների կամ այլ ռազմածովային ստորաբաժանումների տեղակայումը ծովային հսկողության համար և Eurofighter կործանիչների հնարավոր տեղակայումը»,- հավելել է պաշտոնյան։
Գերմանիայում գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները կողմ են եղել զորքեր ուղարկել Գրենլանդիա։ Միայն Ձախ կուսակցությունն է դեմ արտահայտվել դրան՝ այն անվանելով «տագնապալի սրացում»։




























