Երևանի խոշորագույն վարչական շրջանի՝ Մալաթիայի բնակիչները կրկին հայտնվել են ժամեր տևող «ջրային շրջափակման» մեջ։
Հունվարի 16-ի առավոտից հազարավոր բնակիչների բնակարանների ծորակները «չորացել են»։ Վեոլիա ջուրը սկզբում հայտնել է անջատման մասին՝ խոստանալով այն շտկել մինչև 06:00-ն։ Ժամը 6-ին նրանք խոստացել էին ջուր տալ ժամը 9:00-ին, բայց ժամը 9:00-ից հետո պարզապես դադարեցլ են պատասխանել հեռախոսազանգերին։
Ընկերության կայքում հետին ամսաթվով հայտնվել է հաղորդագրություն տասնյակ շենքերում ջրի վթարային անջատումների մասին՝ Անդրանիկի թաղամաս 50-115, Միքայելյան, Ծերենց, Ջիվանի, Ռուֆի փողոցներ, Իսակովի պողոտա 19/4-95 և Բաբաջանյան 81-169: Նույն հաղորդագրության մեջ ջրամատակարարման ժամը նշված է 21:00-ն, սակայն ժամը 22:45-ի դրությամբ դեռևս ջուր չկա։ Թե ինչ տրամաբանությամբ է ընկերությունը հաճախորդներին իր գործողությունների մասին տեղեկացնում ոչ թե SMS հաղորդագրությունների, այլ կայքի թավուտներում թաքնված կարճ հրապարակման միջոցով, միայն Վեոլիա ջրին է հայտնի։ Ըստ երևույթին, ընկերությունում բոլոր սպառողների սրբազան պարտականությունն են համարում առավոտները սկսել՝ առաջիկա ջրամատակարարման անջատումների մասին տեղեկությունն ուսումնասիրելուց։
Հազարավոր բնակիչներ, նրանց թվում՝ երեխաներ և տարեցներ, մնացել են առանց խմելու ջրի, լվացվելու կամ նույնիսկ զուգարան գնալու հասանելիության։ Ջուրը անհետացել է խանութների դարակներից, ինչը ենթադրում է, որ շշալցվող ջրի արտադրողները անմիջականորեն շահագրգռված են նման լայնածավալ անջատումներում։
Երեկ չէ առաջին օրը ևս ջուր չկար՝ ինչ-որ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Չի բացառվում, որ հենց դրանք էլ վթարի պատճառ են դարձել։
Տարածքի բնակիչները վրդովված են և հիշում են 1990-ական թվականները։ Ուշագրավը կառավարության լոյալ վերաբերմունքն է Վեոլիա ջրի մշտատև արարմունքների նկատմամբ։ Հիշեցնենք, որ մենաշնորհային ընկերությունը հատկապես աչքի ընկավ կորոնավիրուսի համավարակի ժամանակ՝ կարողանալով պարբերաբար երկու օրով անջատել ջուրը հենց այն ժամանակ, երբ բժիշկները մարդկանց կոչ էին անում ամեն րոպե ձեռքերը լվանալ։ Եվ ո՞վ գիտի՝ ինչ ներդրում է ունեցել նման գործելակերպը հիվանդության տարածման գործում։




























