Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելի մոտ տեղակայված Իստր-լե-Տյուբի ավիաբազայում զինված ուժերին ուղղված իր ավանդական ամանորյա ուղերձն է հղել, հաղորդում է Euronews-ը։
Նա միջազգային լարվածության սրման ֆոնին ուրվագծել է ազգային պաշտպանության համար «փորձությունների տարվա» հեռանկարը։
«Մենք պատրաստ ենք»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ շեշտելով, որ Ֆրանսիայի տասնամյա վերազինումը պտուղներ է տալիս։ Էմանուել Մակրոնը վերահաստատել է իր «վճռականությունը՝ զինված ուժերին երկրի պաշտպանությունը երաշխավորելու միջոցներ տրամադրելու» այն աշխարհում, որը նա ավելի ու ավելի անկայուն է նկարագրում։
«Ազատ մնալու համար անհրաժեշտ է վախ ներշնչել, իսկ վախ ներշնչելու համար պետք է ուժեղ լինել։ Այսպիսի դաժան աշխարհում ուժեղ լինելու համար անհրաժեշտ է ավելի սրընթաց և վճռականորեն գործել»,- շեշտել է նա։
Նա ուրվագծել է երեք ռազմավարական առաջնահերթություն՝ զինամթերքի պաշարների ավելացում, օպերատիվ պատրաստվածության ամրապնդում և երկրի ինքնիշխանության երաշխավորում։
Էմանուել Մակրոնը միաժամանակ հաստատել է իր մտադրությունը՝ 2026-2030 թվականների միջև զգալիորեն ավելացնել ռազմական ծախսերը՝ 36 միլիարդ եվրոյով, որից 3.5 միլիարդ եվրոն նախատեսված է 2026 թվականի համար։
2017 թվականին պաշտոնը ստանձնելիս Էմանուել Մակրոնը խոստացավ Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի, և այդ նպատակին նա այժմ հասել է։
Նա խոստովանել է նաև, որ Ֆրանսիայի պաշտպանական կարողությունները որոշ ոլորտներում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի առումով, որոնք լայնորեն օգտագործվում են Ուկրաինայի պատերազմում, հետ են մնում մրցակիցներից։
«Մենք հետ ենք մնում», - խոստովանել է նա՝ կոչ անելով «արագ և կոշտ արձագանքի»։ Ընդգծելով ռուսական սպառնալիքը՝ Մակրոնը զգուշացրել է. «Մենք գտնվում ենք Ռուսաստանի հարվածի գոտում»։
Ֆրանսիայի նախագահը միաժամանակ հայտարարել է Գրենլանդիայում ֆրանսիական ներկայության ամրապնդման մասին։ Չնայած Նուուկում զորավարժությունների համար արդեն տեղակայված են մոտ տասնհինգ ֆրանսիական զինվորականներ, նա նշել է, որ այդ զորակազմն «առաջիկա օրերին կամրապնդվի ցամաքային, օդային և ծովային միջոցներով»։ Նա ընդգծել է, որ «Եվրոպացիներն առանձնահատուկ պատասխանատվություն ունեն» Գրենլանդիայում։





























