Ուզբեկստանում կինը հասարակական վայրում մահմեդական գլխաշոր կրելու համար առաջին անգամ դատապարտվել է:

Մանզուրա Քաթահուժաեւան`Ուզբեկստանի Բախտ քաղաքի բնակչուհին, դատական հետապնդման է ենթարկվել հիջաբ` մազերն ու ճակատն ամբողջովին ծածկող մահմեդական գլխաշոր կրելու համար:

«Էզգուլիկ» իրավապաշտպան կառույցը պատմել է, որ 2011թ. հոկտեմբերի 7-ի նշրջանային դատարանը նրան նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանքի է ենթարկել, ինչը համարժեք է 286 հազար սումի: Քաթահուժաեւային մեղավոր են ճանաչել «Հասարակական վայրում կրոնական հանդերձանքով հայտնվելու» հոդվածով:

Ինչպես մանրամասնում է  CA-News-ը, Ուզբեկստանի վարչական օրենսգիրք այդ հոդվածը ներմուծվել է  1998 թվականին, երբ Ուզբեկստանն սկսեց պայքարել երկրում կրոնական ծայրահեղականությունն արմատախիլ անելու համար: Այն ներառում է տուգանք 5-ից մինչեւ 10 նվազագույն աշխատավարձի չափով կամ վարչական կալանք մինչեւ 15 օր:

Սակայն հոդվածը երկրում փաստորեն մինչ այժմ չի կիրառվել: Հիջաբ հագնող կանանց հետ իշխանություններն այլ կերպ էին վարվում. սպառնում էին հեռացնել ուսումից կամ աշխատանքից: Այդ պատճառով էլ Ուզբեկստանում հիջաբով կանայք ամենուր են, եւ դատական կատարածուները նրանց չեն հետապնդում:

Հիջաբի համար դատապարտված Մանզուրա Քաթահուժաեւան կրոնի համար դատապարտվածների ընտանիքից է. ազատազրկման մեջ են գտնվում նրա երեք հարազատները, որոնք բոլորն էլ դատապարտվել են  «Սահմանադրական կարգի դեմ ոտնձգություն կատարելու» հոդվածով: