Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր լրագրողներին ասել է, որ «նոր պատժամիջոցների սահմանումը» եվրոպական երկրների դեմ «այսօր սխալ կլիներ», հայտնում է BBC News-ը։

Նա պատմել է, որ զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այն բանից հետո, երբ վերջինս հանդես է եկել իր մաքսային սպառնալիքներով՝ կապված Գրենլանդիայի հարցի հետ, և «ասել եմ նրան, թե ինչ եմ մտածում»։

Իտալիայի վարչապետը նաև մեկնաբանել է եվրոպական պետությունների փոքր ուժերի վերջին տեղակայումը Գրենլանդիայում, որը, ըստ նրա, նախատեսված չէր որպես նախաձեռնություն ԱՄՆ-ի դեմ։ Այս հարցում, ըստ նրա, առաջացել է «ըմբռնման և հաղորդակցության խնդիր»։

Մելոնին հավելել է, որ զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ և պատրաստվում է քննարկել իրավիճակը նաև այլ եվրոպացի առաջնորդների հետ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներկրվող ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրքը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին, սակայն հետագայում կարող է աճել մինչև 25 տոկոս և գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով համաձայնություն չի ձեռք բերվել։ Թրամփը պնդում է, որ Դանիայի ինքնավար տարածքը վճռորոշ նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության համար և չի բացառել դրա բռնի զավթումը։