UFC-ի մարտիկ Համզատ Չիմաևը սոցիալական ցանցերում հրապարակել է սև-սպիտակ լուսանկար Ադամ Կադիրովի՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդու հետ, գրում է «Коммерсантъ»-ը։

Նա տեղադրել է լուսանկարը Instagram-ի stories բաժնում՝ Գրոզնիում տեղի ունեցած ավտովթարի մասին լուրերից հետո, որտեղ, ըստ «Кавказ. Реалии»-ի, նրանք երկուսն էլ ներգրավված  են եղել։

Մարզիկը լուսանկարը մակագրել է․ Ադամ Կադիրովի կողքին նա չեչեներեն գրել է «Կյոնախ», ինչը թարգմանվում է «արժանավոր մարդ»։ Ներքևում նա ավելացրել է ևս մեկ արտահայտություն չեչեներեն, որը մոտավորապես նշանակում է․ «Քանի դեռ ունենք հավատ, մեզ հետ ոչ մի վատ բան չի պատահի»։

Վթարի հետևանքով Չիմաևի զոհվելու մասին տեղեկատվությունը համացանցում հայտնվել է հունվարի 16-ի երեկոյան։ Միաժամանակ տարածվում էին լուրեր, որ վթարում վնասվել է Ադամ Կադիրովը։ Այս խոսակցություններից հետո Չեչնիայի ղեկավարը հրապարակեց տեսանյութ աշխատանքային հանդիպումից, որին մասնակցում էր իր որդին։ Հանդիպման ընթացքում Ադամ Կադիրովին պարգևատրել են «Ատոմակայանների անվտանգության բարձրացման մեջ ունեցած վաստակի համար» մեդալով։

Հանրապետության ղեկավարը չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել նշված խորհրդակցությունը և պարգևատրման արարողությունը։

Հունվարի 17-ի առավոտյան «Лента.ру»-ն Flightradar24-ի տվյալներին հղումով հայտնել է, որ Գրոզնի է ժամանել Ан-148-100ЕМ ինքնաթիռը, որն օգտագործում է ԱԻՆ-ը։ Ծառայության տվյալներով, օդանավը շուտով թռել է Մոսկվա և վայրէջք կատարել Վնուկովոյում՝ ժամը 01:10-ին։ Ո՛չ ԱԻՆ-ը, ո՛չ Չեչնիայի իշխանությունները չեն հաստատել, որ թռիչքը կապված էր կոնկրետ հիվանդի տեղափոխման հետ։