ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պաշտպանել է առաջարկվող մաքսատուրքերը, որոնք ուղղված են ութ եվրոպական երկրների դեմ․ այդ երկրները դեմ են Գրենլանդիան ձեռք բերելու նախագահ Դոնալդ Թրամփի ձգտմանը։ NBC News‑ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ նպատակը «երկրում ապագա արտակարգ դրությունից խուսափելն է»։

Երբ հաղորդավար Քրիստեն Ուելքերը հարցրել է, թե ինչ արտակարգ դրություն է արդարացնում մաքսատուրքերի սահմանումը, Բեսենթը պատասխանել է․ «Արտակարգ դրությունը թույլ է տալիս խուսափել արտակարգ դրությունից»։

«Սա նախագահի ռազմավարական որոշումն է։ Սա աշխարհաքաղաքական որոշում է, և նա կարող է օգտագործել ԱՄՆ‑ի տնտեսական հզորությունը՝ թեժ պատերազմից խուսափելու համար»,- ասել է նա։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գրենլանդիան «այսպես թե այնպես» պատկանելու է ԱՄՆ‑ին։ Հարցին, թե քննարկվում են արդյոք ռազմական գործողություններ, Բեսենթը նշել է, որ «այդ թեմայով չի խոսել նախագահի հետ»։

Նրան նաև հարցրել են, թե ԱՄՆ‑ի կողմից Գրենլանդիայի հնարավոր անեքսիան ինչով է տարբերվելու Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից։ Բեսենթը պատասխանել է․ «Ես հավատում եմ, որ եվրոպացիները կհասկանան, որ դա ավելի լավ կլինի Գրենլանդիայի, Եվրոպայի և ԱՄՆ‑ի համար»։