Բրիտանական կառավարությունը «անվտանգության ռիսկերի» վերաբերյալ տարիներ տևած բանավեճերից հետո հաստատել է Լոնդոնում հսկայական չինական դեսպանատուն կառուցելու ծրագրերը, հաղորդում է BBC News-ը։

Ըստ երկրի բնակարանային շինարարության հարցերի նախարար Սթիվ Ռեյդի՝ որոշումը վերջնական է, եթե այն հաջողությամբ չբողոքարկվի դատարանում։ «Ազգային անվտանգությունը մեր գլխավոր մտահոգությունն է», - հայտարարել է կառավարությունը՝ հավելելով, որ հատուկ ծառայությունները ներգրավված են եղել ամբողջ գործընթացում։

Ստվերային համայնքների նախարար Ջեյմս Քլեվերլին այդ քայլը «ամոթալի վախկոտության դրսևորում» է որակել, այն դեպքում, երբ լիբերալ դեմոկրատները նշում են, որ դա «Քեյր Սթարմերի մինչ օրս թույլ տված ամենամեծ սխալն է»։

Չինաստանը 2018 թվականին Լոնդոնի աշտարակի մոտ գտնվող Royal Mint Court-ում 255 միլիոն ֆունտ ստեռլինգով գնել է առաջարկվող նոր դեսպանատան տարածքը։

Նոր դեսպանատունը հաստատելու որոշումը մանրակրկիտ ուսումնասիրվել է «ծրագրի անվտանգության հետևանքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով, ընդհուպ՝ շենքի գտնվելու վայրը, չափը և դիզայնը»։