Դոնալդ Թրամփին շողոքորթելու ժամանակն անցել է, և Եվրոպան ստիպված կլինի լուրջ տնտեսական հարված հասցնել, եթե ԱՄՆ-ը մաքսատուրքեր սահմանի ՆԱՏՕ-ի այն դաշնակիցների համար, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա, երեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է Reuters-ը։

Ռասմուսենն ասել է, որ Թրամփի համառ պնդումը, թե կիսաինքնավար դանիական տարածքը՝ Գրենլանդիան, դարձել է Միացյալ Նահանգների մաս, 1949 թվականին դաշինքի ստեղծումից ի վեր ՆԱՏՕ-ի համար ամենամեծ գլխացավանքն է։

«ՆԱՏՕ-ի ապագան իսկապես դրված է խաղադրույքին»,- ասել է Ռասմուսենը, որը ուրույն տեսակետ է առաջարկում Գրենլանդիայի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ՝ որպես Դանիայի (2001-2009 թվականներին) վարչապետ և ՆԱՏՕ-ի նախկին առաջնորդ, որտեղ նա 2009-2014 թվականներին զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը։

 «Շողոքորթելու ժամանակն անցել է։ Այն արդյունավետ չէ։ Փաստն այն է, որ Թրամփը հարգում է միայն ուժը։ Եվ միասնությունը։ Հենց դա այս պահին պետք է ցուցադրի Եվրոպան»,- Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ ասել է նա Reuters-ի թղթակցի հետ զրույցում։

Ռասմուսենն ասել է, որ չի քննադատում այնպիսի առաջնորդների, ինչպիսին է ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը գովեստի խոսքեր է շռայլել Թրամփի հասցեին: Սակայն նա նշել է, որ Եվրոպայից նոր մոտեցման ժամանակն է։

Նա շեշտել է, որ ԵՄ-ի հարկադրանքի դեմ պայքարի գործիքը՝ այսպես կոչված «առևտրային բազուկան», որը լայն լիազորություններ է տալիս տնտեսական ճնշմանը արձագանքելու համար, պետք է դիտարկել նրանից հետո, երբ Թրամփը սպառնացել է ութ եվրոպական երկրների վրա մաքսատուրքեր սահմանել, մինչև ԱՄՆ-ին թույլ չտան գնելու Գրենլանդիան։

Ռասմուսենը ճգնաժամը կարգավորելու երեք կետից բաղկացած ծրագիր է առաջարկել: Այն ներառում է Միացյալ Նահանգների և Դանիայի միջև 1951 թվականի համաձայնագրի թարմացված տարբերակը, որը Գրենլանդիայում հնարավորություն է տալիս այնտեղ գտնվող ամերիկյան ուժերին և ռազմական բազաներին ապահովել ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդումը: Ըստ նրա՝ համաձայնագիրը ներառում է նաև ներդրումային պայմանագիր, որը կոչված է ամերիկյան և եվրոպական ընկերություններին օգնելու Գրենլանդիայում հանքանյութեր արդյունահանել, ինչպես նաև «կայունացման և դիմադրողականության համաձայնագիր», որը նպատակ ունի կանխել Գրենլանդիայի կարևորագույն ոլորտներում չինական և ռուսական ներդրումները։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ այդ ծրագիրը չի ներկայացրել դանիական կամ այլ կառավարության պաշտոնյաներին, սակայն այն կքննարկի Դավոսում՝ պատվիրակների հետ։

 «Հուսով եմ՝ ինչ-որ կոնկրետ բանի ներդրումը կարող է այս ամբողջ բանավեճն ավելի կառուցողական փուլ տեղափոխել»,- ասել է Ռասմուսենը։