ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջոցառումների հիմնական վայրը՝ Դավոսը, դարձել է խարդախների թիրախ, որոնք միլիարդատերերին կեղծ տոմսեր են վաճառել՝ միջոցառմանը մուտք գործելու համար, հաղորդում է Bloomberg-ը։
Միջոցառման կայքում զետեղված գրառման մեջ կազմակերպիչները զգուշացրել են այսպես կոչված VIP մուտքի փաթեթներ գնելուց և հայտարարել, որ խարդախ վաճառքը, կարծես, այս տարի լայն տարածում է գտել։
«Միլիարդատերեր, զգույշ եղեք։ Մեր ուշադրությանն է արժանացել այն փաստը, որ երրորդ կողմի կազմակերպություններն այս տարի կրկին վաճառում են «VIP մուտք դեպի ԱՄՆ տաղավար» և Դավոսում Stromback Global-ի այլ հարթակներ,- ասված է գրառման մեջ։ -Այս տարի ստացված հարցումների ծավալը ենթադրում է, որ նման կեղծ VIP անցագրերը կարող են դառնալ Դավոսի թեմայով ամենաշատ վաճառվող ստեղծագործությունը Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպի ժամանակներից ի վեր։ Մեր ափսոսանքն ենք հայտնում նրանց, ովքեր դարձել են այդ խարդախների զոհը»։
ԱՄՆ տաղավարը, որը տեղակայված է Դավոսի անվտանգության պարագծի մոտ գտնվող եկեղեցում, շաբաթվա ընթացքում հանդիպումներ է անցկացնում կորպորատիվ ղեկավարների և կաբինետի պաշտոնյաների հետ։ Նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ելույթ ունենա Համաշխարհային տնտեսական ֆորումում չորեքշաբթի կեսօրին, և նրա ելույթն ուղիղ եթերով կհեռարձակվի ԱՄՆ տաղավարի լսարանի համար, որի մեջ են մտնում վարչակազմի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։





























