Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին այսօր ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ աջակցում է ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) լուծարմանը։

«Ես աջակցում եմ ICE-ի լուծարմանը»,- ասել է Մամդանին՝ հայտարարելով, որ գործակալությունը «կազմակերպություն է, որը հետաքրքրված չէ իր հայտարարված նպատակի կատարմամբ»։

«Մենք տեսնում ենք կառավարական գերատեսչություն, որը ենթադրաբար պետք է ներգաղթի վերաբերյալ որևէ օրենք կիրառի։ Դրա փոխարեն այն ահաբեկում է մարդկանց՝ անկախ նրանց ներգաղթի կարգավիճակից, անկախ օրենքի դրույթներից, անկախ գործի հանգամանքներից»,- ընդգծել է Նյու Յորքի քաղաքապետը։

Մամդանին նման մեկնաբանություն է արել, երբ նրան հարցրել են՝ արդյոք աջակցո՞ւմ է գործակալության լուծարմանը, երբ շոուի հաղորդավարները քննարկում էին Մինեապոլիսում դաշնային գործակալների և ցուցարարների միջև բախումները։

 «Ես հոգնել եմ ամեն օր արթնանալուց և նոր պատկեր տեսնելուց, թե ինչպես են մարդուն դուրս հանում ավտոմեքենայից, տնից, կյանքից։ Կա մի միջոց՝ այս քաղաքում և այս երկրում ներգաղթի հարցը մարդասիրության զգացումով լուծելու համար»,- հավելել է նա՝ նշելով, որ ICE-ն արդեն վաղուց չի արդարացնում իրեն: