Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները և նրանց գործընկերներն ավարտել են Հորդանանում գտնվող հին զանգվածային գերեզմանի միջառարկայական հետազոտությունը, որն առաջին անգամ հուսալիորեն կապվել է պատմության մեջ առաջին հայտնի համավարակի՝ Հուստինիանոսի ժանտախտի հետ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Archeological Science հանդեսում։

Այդ համավարակը, որը պատմաբանների նկարագրել են իբրև բուբոնային ժանտախտի զանգվածային համաճարակ, մոլեգնել է Արևելյան Միջերկրական ծովի մի հսկայական տարածքում մ.թ. վեցերորդ և յոթերորդ դարերում և միլիոնավոր կյանքեր խլել։ Նոր հետազոտությունը կենտրոնանում է ոչ միայն հարուցիչի նույնականացման, այլև այն վերլուծության վրա, թե ինչպես է հիվանդությունը հին ժամանակներում ազդել որոշակի մարդկանց և քաղաքային կյանքի վրա։

Զանգվածային գերեզմանը հայտնաբերվել է ժամանակակից Հորդանանի Ջերաշ (Gerasa) հին քաղաքում, նախկինում որպես ձիարշավարան օգտագործված տարածքում։ Պեղումների ժամանակ հնագետները արձանագրել են, որ «միանգամից թաղվել են հարյուրավոր մարմիններ», ինչը զարմանալի հակադրություն է բնորոշ քաղաքային գերեզմանատների աստիճանական աճի հետ։

Այս զանգվածային գերեզմանը վկայում է շատ կարճ ժամանակահատվածում մահացության անսպասելի բարձր մակարդակի մասին, ինչը համապատասխանում է ժանտախտի բռնկումների պատմական վկայություններին։

Մասնագետները ոչ միայն վերլուծել են գերեզմանի նյութը, այլև մնացորդներում հայտնաբերված միկրոօրգանիզմների գենետիկական հետազոտություններ անցկացրել՝ հաստատելով ժանտախտի պատճառ ծառայած Yersinia pestis բակտերիայի առկայությունը և կապելով այն զանգվածային մահերի հետ։ Դա Ջերաշը դարձնում է Արևելյան Միջերկրական ծովում Հուստինիանոսի ժանտախտին առնչվող առաջին հնագիտական ​​և գենետիկորեն հաստատված զանգվածային գերեզմանը։

Բացի դրանից, մնացորդների և շրջակա հնագիտական ​​համատեքստի վերլուծությունը գիտնականներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել հին հասարակության սոցիալական կառուցվածքի, բնակչության շարժունակության և համավարակի նկատմամբ մարդկային խոցելիության մասին։ Համաճարակի ընթացքում մարդկանց տեղաշարժը և տարբեր խմբերի խառնումը, որոնք սովորաբար դժվար է հայտնաբերել սովորական գերեզմանատներում, ակնհայտ դարձան հենց այդ զանգվածային գերեզմանի շնորհիվ։

Գիտնականներն ընդգծում են, որ նման հետազոտությունները ոչ միայն օգնում են վերականգնել անցյալը, այլև ավելի խորությամբ ըմբռնել այն մեխանիզմները, որոնց միջոցով համավարակներն ազդում են հասարակության վրա. մի բան, որն դեռևս արդիական 21-րդ դարում, քանի որ աշխարհը կրկին բախվում է համաշխարհային համաճարակների։