Ֆրանսիան դեռևս չի միանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդին, քանի որ նրա կանոնադրությունը հակասում է Գազայի պատերազմի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին, իսկ կանոնադրության որոշ տարրեր հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պասկալ Կոնֆավրը, հաղորդում է Reuters-ը։

«Մի կողմից, այն չէր համապատասխանում միայն Գազայի հատվածի համար բացառիկ մանդատին, որի մասին նույնիսկ չի հիշատակվում, իսկ մյուս կողմից, այս կանոնադրության մեջ կան տարրեր, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- լրագրողներին ասել է Պասկալ Կոնֆավրը։

Խաղաղության խորհուրդը, որի կանոնադրությունն այսօր ստորագրել է նաև Հայաստանը, սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր որպես Գազայի հատվածի համար իր խաղաղության ծրագրի հաջորդ փուլը վերահսկող կառույց, սակայն Խորհրդի լիազորությունները զգալիորեն ընդլայնվել են։

Խորհրդի կանոնադրությունը, ինչպես հաղորդում է NBC News-ը, բացահայտորեն չի հիշատակում Գազան և լայն մանդատ է տրամադրում նոր միջազգային կազմակերպությանը, որը «ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել առողջ և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ հակամարտություն սպառնացող տարածքներում»։

Կանոնադրությունը սահմանում է, որ Թրամփը կղեկավարի Խորհուրդը և կարող է փոխարինվել միայն «կամավոր հրաժարականի կամ անաշխատունակության դեպքում՝ գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ»։