Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով իր ռազմական կցորդի դեմ լրտեսության մեղադրանքները։
Ըստ դիվանագիտական առաքելության հայտարարության՝ հունվարի 22-ին Գերմանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի արտգործնախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են նախորդ օրը Ռուսաստանի շահերի օգտին լրտեսական գործունեության մեջ կասկածվող Գերմանիայի և Ուկրաինայի քաղաքացու՝ Գերմանիայում իրավապահ մարմինների կողմից վերջինիս ձերբակալմանն առնչվող բողոքի մասին, ինչպես նաև տեղեկացվել է դեսպանատան աշխատակցի, ենթադրաբար նրա համակարգողին անցանկալի անձ հայտարարելու մասին»։
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը նշել է, որ մերժում է մեղադրանքները՝ «որպես ծիծաղելի, հապճեպ հորինված սադրանք, որը նախատեսված է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը վարկաբեկելու նպատակով՝ Գերմանիայում ակտիվորեն խթանվող «լրտեսական կրքերի» համատեքստում»։
«Մենք մատնանշեցինք մեր դեմ ներկայացված պնդումների անհեթեթությունը, քանի որ մեջբերված ամբողջ տեղեկատվությունը հրապարակայնորեն հասանելի է։ Մասնավորապես, Ուկրաինային գերմանական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների ամբողջական ցանկը մինչև վերջերս պարբերաբար հրապարակվում էր Գերմանիայի պաշտպանության նախարարության կայքում, իսկ այժմ մանրամասնորեն ներկայացվում է գերմանական լրատվամիջոցների կողմից։ Մենք ափսոսանք հայտնեցինք, որ գերմանական կողմը ռուս-գերմանական հարաբերություններում հետագա սրման ուղի է ընտրել՝ օգտագործելով ակնհայտորեն անհեթեթ պատրվակներ։ Մենք հստակեցրինք, որ Բեռլինի անբարյացակամ գործողությունները անպատասխան չեն մնա»,- հայտարարության մեջ նշել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը։
Ավելի վաղ գերմանական Spiegel-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ռազմական կցորդը մեղադրվում է ռուսական հետախուզական ծառայությունների համար լրտեսության մեջ և որ նրան հրամայվել է անհապաղ լքել Գերմանիան։




























