Իսպանիայի Գերագույն դատարանը հինգշաբթի ավարտել է իսպանացի քաղաքական գործիչներին լրտեսելու համար իսրայելական կիբերհետախուզական ընկերության «Pegasus» ծրագրային ապահովման օգտագործման վերաբերյալ հետաքննությունը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական իշխանությունների համագործակցության բացակայությանը։
Հետաքննությունը սկսվել է, երբ Իսպանիայի կառավարությունը 2022 թվականին բացահայտեց, որ Իսպանիայի կաբինետի անդամներին հետևելու համար լրտեսական ծրագրեր են օգտագործվել, ինչի հանգեցրել էր քաղաքական ճգնաժամի և ինչի արդյունքում երկրի հետախուզության ղեկավարը հրաժարական էր տվել։
Պաշտոնյաները չեն մանրամասնել՝ արդյոք լրտեսությանը, որի թիրախում էին վարչապետ Պեդրո Սանչեսը և մի քանի նախարարներ, տեղակա՞ն, թե արտասահմանյան կազմակերպություններ են ներգրավված եղել։
Հետաքննող դատավոր Խոսե Լուիս Կալաման հայտարարել է, որ ինքը չի կարող առաջ մղել քաղաքական գործիչներին ենթադրյալ լրտեսության գործի հետաքննությունը, քանի որ Իսրայելից տեղեկատվության հարցումներին պատասխան չտալը նշանակում է, որ կասկածյալի ինքնությունը չի հաջողվել պարզել։
Իսրայելական NSO ծրագրային ապահովման ընկերությունը մշտապես հերքել է իր մեղքը՝ պնդելով, որ Իսրայելում հավանություն ստանալուց հետո կառավարություններում գործելու համար արտոնագրվող ծրագրային ապահովումը նախատեսված է հանցագործության դեմ պայքարի և ազգային անվտանգության պաշտպանության համար, և որ այն չի կարող վերահսկել դրա օգտագործումը։
Իսրայելը պնդում է, որ իր դերը սահմանափակվում է արտահանման արտոնագրերով, այլ ոչ թե ամենօրյա գործունեությամբ։
Կալաման ավելի վաղ՝ 2023 թվականին փակել էր հետաքննությունը՝ միաժամանակ հղում անելով իսրայելական իշխանությունների կողմից համագործակցության բացակայությանը։
Նա գործը վերաբացել էր 2024 թվականին՝ Ֆրանսիայից մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո, որոնք վերաբերում էին 2021 թվականին լրագրողներին, փաստաբաններին, հասարակական գործիչներին, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարության և քաղաքական պաշտոնյաներին թիրախավորելու համար «Pegasus»-ի օգտագործման վերաբերյալ իր սեփական հետաքննությանը։
Վերջին տասնամյակի ընթացքում բազմիցս հայտնաբերվել է, որ լրտեսական տեխնոլոգիաները, դրանց թվում՝ «Pegasus»-ը, ամբողջ աշխարհում օգտագործվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական ընդդիմության գործիչների և լրագրողների հեռախոսները կոտրելու համար։ Վերջին տարիներին Ադրբեջանը ևս մեղադրվել է այդ իսրայելական լրտեսական ծրագիրը Հայաստանի դեմ օգտագործելու մեջ։





























