ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները միջոցառման ժամանակ Գրենլանդիայի քարտեզի տեսքով և ամերիկյան դրոշի գույներով տորթ են կտրել և կերել։ Դեպքի տեսանյութը TikTok-ում հրապարակել է Daily Mail և General Trust մեդիա խմբի մաս կազմող բրիտանական The i Paper պարբերականը։
Ըստ պարբերականի՝ տորթը կտրվել է Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում անցկացված երեկույթի ժամանակ։
Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման ժամանակ ուրվագծվել են Դանիայի կազմում ընդգրկված ինքնավար Գրենլանդիայի վերաբերյալ հնարավոր համաձայնագրերը։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզու վերահսկողությունը կարևոր է ԱՄՆ-ի համար՝ ազգային անվտանգությունն ամրապնդելու և «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգն ավելի արդյունավետ տեղակայելու համար։





























