Օրերս համացանցում հայտնվել է Վենեսուելայի բարձրագույն ղեկավարության ներքին խորհրդակցության արտահոսած տեսագրությունը, որը լույս է սփռում իշխող խմբի ներքին տարաձայնությունների և լարվածության վրա՝ ԱՄՆ ուժերի կողմից նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո: Տեսանյութը ձեռք են բերել La Hora de Venezuela խմբի լրագրողները և առաջինը հրապարակել է The Guardian-ը:

Տեսանյութում կապի նախկին նախարար Ֆրեդի Նյանեսը կանգնած է ռեժիմի կողմնակիցների առջև և բարձրախոսով միացնում է Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցը: Ըստ ձայնագրության, Ռոդրիգեսը պատմում է այն ծայրահեղ լարված իրավիճակի մասին, որի միջով անցել են ռեժիմի անդամները գործողության առաջին օրերին:

Ըստ նրա, ամերիկյան ուժերն իրեն, ներքին գործերի նախարար Դիոսադո Կաբելոյին և Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսին ընդամենը 15 րոպե ժամանակ են տվել ԱՄՆ-ի պահանջներին պատասխանելու համար, հակառակ դեպքում սպառնացել են սպանել։

«Սպառնալիքները սկսվել են հենց առաջին րոպեից, երբ նրանք առևանգեցին նախագահին։ Մեզ 15 րոպե տվեցին պատասխանելու համար, այլապես մեզ կսպանեին»,- ներկայացվում է նրա խոսքը ձայնագրությունից։

Ռոդրիգեսը պնդում էր, որ սկզբում իրենց հայտնել են, թե Մադուրոն և նրա կինը սպանվել են, այլ ոչ թե գերեվարվել: Ի պատասխան՝ նա և ռեժիմի մյուս ներկայացուցիչները հայտարարել են, որ «պատրաստ են կիսել նույն ճակատագիրը»:

Տեսանյութն ընդգծում է նաև ռեժիմի գոյաբանական տագնապը, որը Մադուրոյի ձերբակալությունից հետո հայտնվել է խոցելի վիճակում և ձգտում է պահպանել իշխանությունը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ներկայացնելով որպես հարկադրված քայլ և խուսափելով դավաճանության մեղադրանքներից: Սա տեղի է ունեցել այն լուրերի ֆոնին, ըստ որոնց՝ Դելսի Ռոդրիգեսը և նրա եղբայրը դեռ մինչև Մադուրոյի ձերբակալությունը գաղտնի քննարկել են ԱՄՆ-ի և Կատարի պաշտոնյաների հետ Մադուրոյի հեռանալուց հետո համագործակցելու հնարավորությունը: