Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին համեմատել է Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կամակատարի՝ Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Սալաշիի հետ։

Սիբիգան  այսպես է արձագանքել իր գործընկեր Պետեր Սիյարտոյի մեղադրանքին Հունգարիայի ընտրություններին միջամտելու հետ կապված։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խոսքով, երբ Օրբանն ասում է, որ հաջորդ 100 տարիների ընթացքում կխոչընդոտի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, նա իրականում չի դիմում ուկրաինական պետությանը։ Նա հիմնականում դիմում է Անդրկարպատների էթնիկ հունգարացիներին։

«Դա հնչում է որպես վրիպում ըստ Ֆրեյդի՝ նկատի ունենալով ավելի քան 100 տարի առաջ ստորագրված խաղաղության պայմանագիրը, որը ողբերգություն դարձավ հունգարացիների համար։ Սա ձեր ցինիզմի գագաթնակետն է։ Ինչ-որ մեկը պետք է ասի այս դաժան ճշմարտությունը։ Վիկտոր Օրբանը եւ նրա թիմը չեն հոգում Ուկրաինայում ապրող հունգարացիների բարեկեցության եւ անվտանգության մասին։ Օրբանը պարզապես ցանկանում է նրանց պատանդ պահել իր աշխարհաքաղաքական արկածախնդրությունների համար եւ շարունակել փող լվանալ տարբեր արտասահմանյան սխեմաների եւ հիմնադրամների միջոցով՝ եւս մեկ ֆուտբոլային մարզադաշտ կամ զեբրերով նոր մասնավոր կենդանաբանական այգի կառուցելու նպատակով։ Ինչո՞ւ բացահայտ չեք ասում սա անդրկարպատյան հունգարացիներին։ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը խոչընդոտելով՝ Վիկտոր Օրբանը եւս մեկ հանցագործություն է կատարում հունգարացի ժողովրդի եւ հենց Հունգարիայի դեմ։ Ակնհայտ է, որ Եվրամիությունը խաղաղության տարածք է։ Այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ նոր պատերազմը կանխելու համար: Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կմոտեցներ խաղաղությունը եւ կերաշխավորեր անվտանգություն ու բարգավաճում ամբողջ Եվրոպայի եւ հունգարացի ժողովրդի համար: Բայց դա այն չէ, ինչ Պուտինը ցանկանում է: Նա ցանկանում է, որ պատերազմը շարունակվի: ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը խոչընդոտելով՝ Օրբանը կատարում է Պուտինի ցանկությունները: Միեւնույն ժամանակ, Օրբանը խոչընդոտում է Եվրոպայում խաղաղության վերականգնմանը եւ Հունգարիան վերածում է Կրեմլի ռեժիմի հանցակցի: Այսօր Օրբանն իրեն պահում է ոչ թե անգամ Միկլոշ Հորտիի, այլ Հիտլերի կամակատար Ֆերենց Սալաշիի նման: Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի դասն է: Հունգարիան եւ հունգարացի ժողովուրդը դրան արժանի չեն: Հունգարիան արժանի չէ կրկին հայտնվել պատմության սխալ կողմում՝ որպես Պուտինի ռեժիմի կողմից ներկայացված անմարդկային գաղափարախոսության նոր ձեւի հանցակից: Հունգարացի ժողովուրդը արժանապատվության եւ ազատության ժողովուրդ է, Ֆերենց Ռակոցի II-ի, Շանդոր Պետեֆիի եւ Իմրե Նադի ժողովուրդը, այլ ոչ թե Օրբանի: Ինչ վերաբերում է ընտրություններին, դուք չպետք է վախենքլ Ուկրաինայից: Դուք պետք է վախենաք հունգարացի ժողովրդից, որը հոգնել է ձեր ստերից, ձեր կլեպտոկրատիայից եւ ձեր ատելությունից»,- նշել է Սիբիգան։

Ավելի վաղ Վիկտոր Օրբանն ինքն էր մեղադրել Ուկրաինային Հունգարիայում ընտրություններին միջամտելու մեջ։

https://x.com/andrii_sybiha/status/2015046602801455119