ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հրապարակում է արել, որում սպառնացել է Կանադային 100 տոկոս մաքսատուրքերով։
Ընդ որում՝ երկրի վարչապետ Մարկ Քարնիին նա անվանել է «նահանգապետ»։
«Եթե նահանգապետ Քարնին կարծում է, որ Կանադան կարող է վերածել տարանցման կետի Չինաստանի համար, որպեսզի ապրանքներ ուղարկի Միացյալ Նահանգներ, նա չարաչար սխալվում է։
Չինաստանը ողջ-ողջ կուտի Կանադան, լրիվ կուլ կտա նրան, այդ թվում կկործանի նրա բիզնեսը, սոցիալական կառուցվածքը եւ ընդհանրապես կենսակերպը։ Եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, նրա նկատմամբ անհապաղ կդրվեն 100 տոկոս մաքսատուրքեր ԱՄՆ տարվող կանադական բոլոր ապրանքների վրա։ Շնորհակալություն այս հարցի հանդեպ ձեր ուշադրության համար»,- հայտնել է Թրամփը։
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին այցելել էր Չինաստան, եւ Չինաստանի հետ գործընկերությունն անվանել էր ռազմավարական Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։
Քարնիի խոսքով՝ այդ հարաբերությունները «կօգնեն բարելավել բազմակողմ համակարգի գործունեությունը, որը վերջին տարիներին լուրջ ճնշման է ենթարկվում»։





























