Բաթումի Գոգոլի փողոցում պետությունն առգրավել է բնակելի տներ, որոնք ապօրինաբար կառուցել է գործարար Գալիֆ Օզթյուրքը, տեղեկացրել է «Грузия Online»-ը։

Այսօր՝ հունվարի 24-ին, Գույքի կառավարման գործակալության աշխատակիցները մտել են շենք ոստիկանների ուղեկցությամբ։ Իրավապահները պահանջում են կորպուսից հեռանալ մի քանի մարդու, որոնք հավաստիացնում են, որ արդեն ապրում են այդ բնակարաններում։ Այս մասին տեղեկացրել է տեղի «Բաթումբելի» պարբերականը։

Թուրք գործարար Գալիֆ Օզթյուրքը ձերբակալվել է Վրաստանում 2022թ․: Դատախազության տվյալներով՝ նրա Բաթումի բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել է թմրանյութերի առանձնապես մեծ քանակություն՝ 7.2159 գրամ կոկաին:

Դատարանը Օզթյուրքին դատապարտել է ութ տարվա ազատազրկման, սակայն նա ազատ է արձակվել անցյալ տարվա հունիսին՝ ընթացակարգային համաձայնագրի հիման վրա:

Ընդդիմության անդամները տարիներ շարունակ հաղորդել են Բաթումում Օզթյուրքի անօրինական գործունեության մասին: Նրանց հավաստիացմամբ՝ նա քաղաքի կենտրոնում առանց թույլտվության կառուցել է 12 շենք, որոնք, ըստ լուրերի, նախատեսված են եղել խարդախ քոլ-կենտրոնների եւ առցանց խաղատների ցանցն ընդլայնելու համար:

Ընդդիմությունը նաեւ նշել է, որ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ իշխող կուսակցության անդամները տեղյակ են եղել Օզթյուրքի գործունեության մասին: Որպես նրա հովանավոր նշվել է կառավարության նախկին ղեկավարը, որը ներկայում կալանքի տակ է; Իր հերթին, Աջարիայի կառավարության նախկին նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն ավելի վաղ հերքել էր այս մեղադրանքները՝ նշելով, որ նման տեղեկատվությունը նպատակ է ունեցել վարկաբեկել իշխանությանը: