Իտալիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Իտալիայի Սենատ, որտեղ հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիին: Վերջինիս խնդրանքով Է. Նալբանդյանն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին եւ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Սենատում ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ, որը կազմակերպվել էր Միջազգային հարաբերությունների իտալական կազմակերպության եւ Իտալահայկական միջխորհրդարանական բարեկամական խմբի կողմից: Դասախոսությանը մասնակցող շուրջ 200 ներկաների թվում էին սենատորներ, Իտալիայի խորհրդարանի անդամներ, դեսպաններ եւ դիվանագետներ, գիտնականներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է հայ-իտալական պատմական առնչություններին, երկու երկրների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերություններին եւ դրանց զարգացման հնարավորություններին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հարավային Կովկասում առկա խնդիրներին եւ ներկայացրել դրանց լուծման Հայաստանի տեսլականը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին:

Դրանից զատ, Է. Նալբանդյանը այցելել է Վատիկան, որտեղ հանդիպել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի հետ: Նրանք, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Վատիկանի, ինչպես նաեւ Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, վստահություն են հայտնել, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ դրանք առավել կամրապնդվեն:

Հայաստանի ԱԳ նախարարը Վատիկանի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: