Չինաստանից ժամանած զբոսաշրջիկները Մուրմանսկում դարձել են համատարած լուսազրկման «պատանդներ»․ Մուրմանսկում արտակարգ դրություն է հայտարարված, գրում է Shot տելեգրամյան ալիքը։

Ալիքի տվյալներով, հյուրանոցում, որտեղ կանգ են առել Չինաստանից եկած հյուրերը, լույսը անջատվել է էլեկտրահաղորդման գծերի վթարի պատճառով։ Չինացի զբոսաշրջիկները շոկի մեջ են հայտնվել քաղաքի ամբողջական հոսանքազրկումից։

Ինչպես նշում է աղբյուրը, չինացիները զանգվածաբար այցելում են Մուրմանսկ՝ հյուսիսափայլի ներքո «երջանիկ երեխաներով» հղիանալու համար։  Հունվարի վերջը այս գեղատեսիլ երևույթը դիտելու լավագույն պահերից մեկն է, այդ պատճառով այժմ Ռուսաստանի այս տարածաշրջանում շատ են Չինաստանից եկած հյուրերը։

Էլեկտրահաղորդման գծերի սյուների փլուզման հետևանքով Մուրմանսկի և Սևերոմորսկի մեծ մասի տներում լույս չկա հունվարի 23-ից։ Բնակիչներին ժամանակ առ ժամանակ միացնում են լույսը մի քանի ժամով, ապա կրկին անջատում։ Տեղացիները, որոնք էլեկտրական սալիկներ ունեն, սնունդը տաքացնում են մոմերի վրա։ Իսկ մթերքները պահում են «ինքնաշեն սառնարաններում»՝ դրսում թողած տոպրակներում։

Պաշտոնեական անփութության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեն պարզել է, որ փլուզված էլեկտրահաղորդման գծերի սյուների ծառայության ժամկետը գերազանցում էր 40 տարին։ Նահանգապետը հայտարարել է, որ նոր սյուները արդեն տեղ են հասցվել և պատրաստ են տեղադրման, մասնագետները պարզապես սպասում են եղանակի բարելավմանը։