Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վիլնյուսում Ուկրաինայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան պետք է մինչև 2030 թվականը դառնա Եվրոպական միության անդամ, հաղորդում է «Европейская правда»-ն։
Նաուսեդան նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին Լիտվայի ռազմավարական շահն է, ինչպես նաև քայլ դեպի ողջ տարածաշրջանի կայունություն։
Նա խոստացել է, որ Լիտվան կնպաստի Ուկրաինայի եվրաինտեգրմանը իր նախագահության ընթացքում ԵՄ խորհրդում՝ 2027 թվականին։
«Լիտվան ձգտում է, որ Ուկրաինան մինչև 2030 թվականը դառնա Եվրոպական միության անդամ։ Եվ դա վճռորոշ քայլ կլինի երկարաժամկետ կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման համար ոչ միայն Ուկրաինայում, այլև ողջ տարածաշրջանում։ Սա Լիտվայի ռազմավարական շահն է, որի վրա մենք ցանկանում ենք շարունակել կենտրոնանալ մեր նախագահության ընթացքում ԵՄ խորհրդում՝ 2027 թվականին», — հայտարարել է Նաուսեդան։
Լիտվայի նախագահը նաև մեկնաբանել է Ռուսաստանի հարձակումների ուժեղացումը Ուկրաինայի էներգետիկայի վրա։
Ըստ նրա, դա վկայում է, որ Ռուսաստանը խուսափում է Ուկրաինայում ամուր և արդար խաղաղության պարտավորություններից և չի համաձայնվում հրադադարին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հունվարի 25-ին այցելել է Լիտվա, որտեղ տեղի է ունեցել «Լյուբլինյան եռանկյունու» հանդիպումը։
Վիլնյուսում Զելենսկին հանդիպել է իր լիտվացի գործընկեր Գիտանաս Նաուսեդայի հետ և քննարկել Ուկրաինայի էներգետիկ կարիքները։





























