ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ավարտվել է այն ժամանակահատվածը, երբ Միացյալ Նահանգները ստանձնում էր Եվրոպայի անվտանգության հիմնական պատասխանատվությունը։ Նա նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ։

Ըստ նրա՝ հունիսին Հաագայում անցկացված դաշինքի գագաթնաժողովում որոշում է ընդունվել մինչև 2035 թվականը պաշտպանության ծախսերը տարեկան հասցնել ՀՆԱ-ի 5%-ին, ինչպես նաև արագացնել ռազմական արտադրության և նորարարության զարգացումը։

«Մենք հունիսին Հաագայում հաջող գագաթնաժողով ունեցանք, որտեղ համաձայնեցինք մինչև 2035 թվականը պաշտպանության մեջ տարեկան ներդնել ՀՆԱ-ի 5%-ը և արագացնել մեր պաշտպանական արտադրանքի արտադրությունն ու նորարարությունը։ Հինգ տոկոսը, անշուշտ, շատ է, և մեր արդյունաբերական բազայի կառուցումը հեշտ չէ։ Բայց իմ ուղերձը պարզ է. պետք է դա անենք, և պետք է դա արագ անենք։ Նախ, որովհետև անվտանգության իրավիճակը դա է պահանջում։  Այժմ բախվում ենք մեր անվտանգության իրական և երկարաժամկետ մարտահրավերների հետ։ Եվ երկրորդ, որովհետև այն ժամանակը, երբ մենք հարմար կերպով Միացյալ Նահանգներին թույլ էինք տալիս կրել մեր համատեղ անվտանգության բեռի մեծ մասը, ուղղակի ավարտվել է»,- ընդգծել է Ռյուտեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ շեշտել է, որ արդարացի և անհրաժեշտ է համարում, որ եվրոպական երկրները և Կանադան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն իրենց սեփական անվտանգության համար։