«Հեզբոլլահը» շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ Լիբանանի ժողովրդին հրավիրել է մասնակցելու հունվարի 26-ին Բեյրութի հարավային արվարձան Դահիեում անցկացվելիք հանրահավաքին, հաղորդում է «Իրանիստ» թելեգրմյան ալիքը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հանրահավաքը նպատակ ունի համերաշխություն ցույց տալ Իրանի Իսլամական Հանրապետության, նրա ղեկավարության և նրա անսասան պետության հետ՝ Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի սպառնալիքների և գործողությունների հանդեպ։
«Հեզբոլլահը» միաժամանակ նշել է, որ հանրահավաքի մասնակիցները կդատապարտեն մահմեդական աշխարհի կրոնական իշխանության՝ իմամ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը։
Միջոցառման նպատակն է արտահայտել քաղաքական և ժողովրդական աջակցություն Իրանին և ընդգծել արտաքին ճնշման և սպառնալիքների հանդեպ անսասան դիմադրողականության կարևորությունը։





























