Վրաստանն ակտիվորեն ամրապնդում է իր կարգավիճակը որպես կայունության և լոգիստիկայի տարածաշրջանային կենտրոն՝ համաշխարհային առևտրային ուղիների վերանայման պայմաններում, Մաքսային աշխատողի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա նշել է հիմնական նախագծերը, որոնք իր երկրին հնարավորություն կտան «բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային կենտրոն» դառնալու։

«Դրանց թվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսիք են «Արևելք-Արևմուտք» մայրուղին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, չոր նավահանգիստները և Սև ծովի ամենախորջրյա նավահանգիստը՝ Անակլիան»,- հայտարարել է վարչապետը։

«Այսօր, երբ համաշխարհային առևտրային ուղիները վերանայվում են, մեր երկիրը տարածաշրջանային կայունության և լոգիստիկայի կենտրոն է դառնում։ Մաքսային բարեփոխումները վճռորոշ դեր են խաղում այդ գործընթացում»,- ըստ «Սպուտնիկ Վրաստան»-ի՝ հայտարարել է Կոբախիձեն։

Վարչապետը նշել է, որ արտահանման և ներմուծման աճի հետ մեկտեղ, Վրաստանը հաջողությամբ ԵՄ-ի հետ համատեղելի համակարգչային տարանցիկ համակարգ է ներդրել։ Համակարգը ապահովում է ապրանքների անխափան տեղաշարժը Եվրամիության և Կոնվենցիային մասնակից 39 երկրների միջև՝ հիմնվելով մեկ հայտարարագրի և մեկ երաշխիքի վրա, զգալիորեն պարզեցնելով լոգիստիկան և կրճատելով սահմանային անցման ժամանակը։

«Միևնույն ժամանակ, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, ակտիվորեն աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա, որը տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակն է»,- նշել է նա։

Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ իր երկիրը Սև ծով մուտք է ապահովում նման հնարավորություն չունեցող յոթ երկրների։

Այդ երկրների թվում են Ադրբեջանը, Հայաստանը և Կենտրոնական Ասիայի հինգ պետություններ։