Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ 20 կետանոց խաղաղության համաձայնագիր կստորագրի՝ ռուս-ուկրաինական պատերազմը կարգավորելու համար, մինչդեռ ԱՄՆ-ը պետք է առանձին փաստաթուղթ կնքի Ռուսաստանի հետ, «Европейская правда»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

Ըստ Սիբիգայի՝ 20 կետանոց շրջանակային համաձայնագիրը, որը ներկայում գտնվում է խաղաղության գործընթացի կենտրոնում, երկկողմանի բնույթ ունի։

«Եթե խոսենք կոնկրետ այդ 20 կետանոց շրջանակի մասին, այն ներկայում երկկողմանի փաստաթուղթ է, որը կստորագրեն ԱՄՆ-ը և Ուկրաինան։ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ևս պետք է փաստաթուղթ ստորագրի»,- նշել է ուկրաինացի նախարարը։

Նա նշել է, որ բանակցությունները դեռևս շարունակվում են, և փաստաթղթերի վերջնական փոխդասավորությունը կարող է փոխվել։

Խաղաղության ծրագրի կետերից մեկը վերաբերում է Ուկրաինայի եվրոպական ինտեգրմանը։ Մեկնաբանելով դա՝ Սիբիգան ընդգծել է, որ փաստաթղթում նույնիսկ ԵՄ-ի ստորագրության բացակայության պարագայում, առանց եվրոպացի գործընկերների հաստատման որևէ դրույթ չի կարող ընդունվել։

Միևնույն ժամանակ, 2027 թվականին Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու գաղափարը դեռևս վիճահարույց է։

«Ամսաթիվը բարդ հարց է։ ԵՄ-ն իր ընթացակարգերն ունի, և մենք կոնսենսուսային մոտեցման պատանդն ենք»,- պարզաբանել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Ըստ Սիբիգայի՝ եվրոպացի գործընկերները ներկա են խաղաղության գործընթացում, մասնավորապես՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկմանը։

Սիբիգան ընդգծել է, որ առաջին անգամ քննարկվում են իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ, այլ ոչ թե քաղաքական հռչակագրեր։

 «Կարևոր է, որ համաձայնություն լինի երաշխիքները վավերացնելու անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես՝ ԱՄՆ Կոնգրեսում»,- հավելել է նա։

Անցյալ շաբաթ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում տեղի ունեցան առաջին եռակողմ խորհրդակցությունները՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք նպատակ ունեին գտնել խաղաղ կարգավորման մոտեցումներ։

Ուկրաինան բանակցությունները որակել է կառուցողական, սակայն չի հաջողվել համաձայնության գալ տարածքային հարցերի շուրջ, հաղորդում է РБК-Украина-ն։