Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը Եվրոպայի համար մտահոգիչ ռազմավարական ազդանշան է դարձել։
«Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ ռազմավարական ազդանշան է ամբողջ Եվրոպայի համար՝ եվրոպական ինքնիշխանության հաստատման, Արկտիկայի անվտանգությանը նպաստելու, արտաքին միջամտության և ապատեղեկատվության դեմ պայքարի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կայուն զարգացման համար արտոնյալ գործընկերության զարգացման և ռազմավարական կախվածության նվազեցման առումով»,- Ելիսեյան պալատում Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մակրոնը։ Ելույթը ուղիղ եթերով հեռարձակվել է X-ում։
Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով՝ Եվրամիությունը 2026 թվականին պետք է վերանայի իր Արկտիկական ռազմավարությունը։ «Մենք աջակցում ենք նաև ՆԱՏՕ-ի՝ Արկտիկայում ներգրավվածության աճին՝ բարձրացված զգոնության ռեժիմի հաստատման միջոցով, և պատրաստ ենք միանալ դրան»,- ասել է նախագահը։
Նա հավելել է նաև, որ Ֆրանսիան առաջարկում է արագացնել 2023 թվականին Եվրամիության և Գրենլանդիայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության իրականացումը։ «Այդ գործընկերությունը հնարավորություն կտա զարգացնել համագործակցությունը ռազմավարական հումքի ոլորտում»,- ընդգծել է Մակրոնը։
Ֆրեդերիկսենն իր հերթին նշել է, որ աշխարհը հայտնվել է մի իրավիճակում, երբ հաստատված համաշխարհային կարգը ճնշման տակ է։ «Այն, ըստ էության, արագորեն վերափոխվում է։ Չի բացառվում, որ նույնիսկ արդեն անհետացել է։ Նման իրավիճակում մեզ ավելի քան երբևէ անհրաժեշտ է ավելի ուժեղ Եվրոպա, որը կամք և կարողություն ունի պաշտպանելու իր արժեքներն ու սկզբունքները»,- ընդգծել է Դանիայի վարչապետը։
Ըստ նրա՝ Եվրոպան վերջին շաբաթներին շատ բան է սովորել։ «Եթե մենք միասնական լինենք, եթե չզիջենք մեր ժողովրդավարական արժեքները, եթե շատ պարզ և հստակ արտահայտենք մեր դիրքորոշումը, հատկապես արտաքին ճնշման տակ, եթե ամուր կանգնենք և արձագանքենք, ուրեմն կարող ենք պաշտպանվել և միասին առաջ շարժվել», - ասել է Ֆրեդերիկսենը։
Գրենլանդիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Գրենլանդիայի ինքնիշխանությաննը աջակցելու համար և արտահայտել Փարիզի հետ տարածաշրջանի համագործակցությունը զարգացնելու մտադրությունը։ «Մենք կուսումնասիրենք առևտրային փոխանակումների, մշակութային կապերի, համագործակցության, կրթության և այլ ոլորտների զարգացման նոր հնարավորություններ»,- նշել է Նիլսենը։ -Այդ հարցերի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են»։





























