Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որն, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ Դա հաստատել է ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է ապահովել, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը այնպիսին լինի, որ մենք կարողանանք արձագանքել և, հնարավոր է, բայց ոչ պարտադիր, կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի վերաբերյալ Վաշինգտոնի ռազմական նախապատրաստությունները։

Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ թիրախավորելով Իրանը։ «Դուք այժմ տեսնում եք [Միացյալ Նահանգների] կարողությունը՝ ուժեր տեղակայելու տարածաշրջանում՝ պաշտպանվելու այն բանից, ինչը կարող է իրանական սպառնալիք լինել մեր անձնակազմի համար»,- շեշտել է ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավարը։