Իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցությունը մտադիր է խորհրդարան ներկայացնել դրամաշնորհների մասին օրենքում փոփոխություններ՝ երկրում անկարգությունների թաքուն ֆինանսավորումը կանխելու համար, հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։

«Հաշվի առնելով մեր պատասխանատվությունը մեր երկրի և վրաց ժողովրդի առջև՝ փոփոխություններ ենք մտցնում օրենսդրությունում, որպեսզի ապագայում ոչ ոք չկարողանա այլընտրանքային ճանապարհներ գտնել Վրաստանում անկարգություններն ու բռնությունը դրսից ֆինանսավորելու համար։ Օրենսդրական փոփոխությունների փաթեթի համաձայն՝ փոփոխությունները կներառվեն «Դրամաշնորհների մասին» օրենքում»,- ճեպազրույցում հայտարարել է Կիրցխալիան։

Ինչպես նշել է Կիրցխալիան, վերջին հինգ տարվա ընթացքում Վրաստանում մի քանի անգամ կառավարությունը տապալելու փորձ է արվել, որոնց ակտիվորեն մասնակցել են արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ները։ Ընդունված օրենքներից՝ մասնավորապես, դրամաշնորհների մասին օրենքից անկախ՝ օրենքը շրջանցելու մեխանիզմները և արմատական ​​ուժերին ֆինանսավորելու փորձերը շարունակվում են։ Փոփոխությունների քննարկումը կսկսվի փետրվարին խորհրդարանի գարնանային նստաշրջանի բացումից հետո։

Նոր փոփոխություններով՝ դրամաշնորհ կհամարվի ցանկացած անձի փոխանցված ցանկացած գումար, որը կարող է օգտագործվել Վրաստանի ներքին կամ արտաքին քաղաքականությունը ձևավորելու համար: Օտարերկրյա կառավարությունների կամ քաղաքական կուսակցությունների անունից ծախսվող միջոցները նույնպես կհամարվեն դրամաշնորհներ: Նման դրամաշնորհները ստանալու համար կպահանջվի կառավարության հաստատումը: