Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) չորեքշաբթի հայտարարել է, որ Գազայի հատվածում պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 70 հազար պաղեստինցի, այս թիվը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է Գազայի առողջապահության նախարարության գնահատականներին, որոնք Իսրայելը նախկինում կասկածի տակ էր դրել, գրում է Haaretz-ը։

Իսրայելը սկսել է իր ռազմական արշավը Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումից հետո։

Ըստ Գազայի առողջապահական մարմինների՝ պատերազմի ընթացքում սպանվել է առնվազն 71 հազար 662 պաղեստինցի։

Ճանաչելով մոտավորապես 70 հազար զոհվածների թիվը, իսրայելական բանակը, ընդսմին, վիճարկել է ՄԱԿ-ի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին գնահատականները և պնդել, որ պատերազմի ընթացքում սովից ոչ մի առողջ մարդ չի մահացել։ Գազայի առողջապահության նախարարությունը և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ պնդում են, որ զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձինք են եղել։

Այնուամենայնիվ, Իսրայելը պնդում է, որ զոհվածներից մոտ 25 հազարը ՀԱՄԱՍ-ի զինյալներ են եղել։

Հոկտեմբերի 10-ից Գազայում ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը։