ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունն «անխուսափելի ֆինանսական փլուզման» եզրին է՝ վճարումների ուշացման և բյուջետային սահմանափակումների պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Գուտերեշի՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներին ուղղված նամակին։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ «ճգնաժամը խորանում է», և ստեղծված իրավիճակը վտանգում է կազմակերպության ծրագրերի իրականացումը։ Գուտերեշն ընդգծել է, մինչև հուլիս հնարավոր է՝ ՄԱԿ-ի միջոցները սպառվեն, և անդամ պետությունները պետք է կա՛մ ժամանակին և ամբողջությամբ վճարեն անդամավճարները, կա՛մ վերանայեն իրենց ֆինանսական կանոնները, հաղորդում է RBK-ն։

Իրավիճակը վատթարացել է ՄԱԿ-ի ամենամեծ դոնոր Միացյալ Նահանգների՝ կանոնավոր և խաղաղապահ բյուջեներին կատարվող վճարումների կտրուկ կրճատումից հետո։ Դեկտեմբերին անդամ պետությունների պարտքերը ՄԱԿ-ին կազմել են գրեթե 1,6 միլիարդ դոլար։ Տարվա ավարտից հինգ շաբաթ առաջ 48 երկիր, որոնց թվում՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, ամբողջությամբ չեն վճարել իրենց անդամակցության վճարները։ Իսկ Չինաստանն ամբողջությամբ վճարել է անդամավճարը։ Ավելի ուշ ՄԱԿ-ը հայտնեց, որ Ռուսաստանը 71 միլիոն դոլար է ներդրել՝ «կանոնավոր բյուջեին ամբողջությամբ վճարելով իր անդամավճարը»։

Ավելին, Մոսկվան հրաժարվեց փոխանցել իր 2024 թվականի վճարը ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովին՝ կրկնելով 2022 և 2023 թվականների ներդրումների վերաբերյալ նմանատիպ որոշումները։ Արտաքին գործերի նախարարությունը դա բացատրեց կազմակերպության ներսում կառուցողական երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտությամբ։

Իր հերթին, Միացյալ Նահանգները կրճատեց ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը՝ դրանք համարելով «անարդյունավետ», հետաձգեց որոշ վճարումներ և դադարեցրեց մի քանի ծրագրերի ֆինանսավորումը՝ միաժամանակ դուրս գալով մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններից, որոնց թվում՝ ՄԱԿ-ի գործակալություններից։

Ֆինանսավորման կրճատումներին ի պատասխան՝ ՄԱԿ-ը նախատեսում է բյուջեն կրճատել 500 միլիոն դոլարով կամ 15%-ով՝ համեմատած 2025 թվականի հետ, և գրեթե 19%-ով կրճատել աշխատակիցների թվաքանակը։