Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Պրոկոպեւսկ քաղաքում այրվել է մասնավոր սաունա։ Հրդեհի զոհ են դարձել հինգ դեռահասներ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին։

«Ներկա պահին հրդեհի հետեւանքով զոհվել է հինգ մարդ (նախնական տվյալներով՝ դեռահասներ)»,- տեղեկացրել են նախարարությունում։

Հրդեհի մասին տեղեկացրել են  ԱԻՆ Կեմերովոյի մարզի գլխավոր վարչությունում։ «Ժամը 20։22-ին (Մոսկվայի ժամանակով 16։22-ին- ծան․ ՏԱՍՍ-ի) տեղեկություն է ստացվել Պրոկոպեւսկի քաղաքային օկրուգի Կուբանսկայա փողոցի մասնավոր սաունայում բռնկված հրդեհի մասին։ Հրդեհի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ։ Տեղեկությունը ճշտվում է»,- նշել են գերատեսչությունում։

Օպերատիվ ծառայություններից ՏԱՍՍ-ին տեղեկացրել են, որ հրդեհի ժամանակ տուժել է մեկ մարդ։ «Հինգ մարդ զոհվել է, մեկ մարդ՝ տուժել, [նրա] տարիքը ճշտվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ ՔԿ-ում նշել են, որ մի աղջկա հաջողվել է փրկվել հրդեհից։